«Արվեստների Պատկերասրահ» մշակութային հիմնադրամը (նախագահ` Մարիամ Շահինյան) ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ 2018թ. ապրիլի 12-ին Արամ Խաչատրյան համերգասրահում ներկայացնում է Վրաստանի և Ռուսաստանի ժողովրդական արտիստ, երգչուհի, երգահան և դերասանուհի, բազմաթիվ միջազգային մրցույթների դափնեկիր Թամարա Գվերդցիթելիի մենահամերգը, որը տեղի կունենա Արամ Խաչատրյան համերգասրահում՝ «Վերադարձ» խորագրի ներքո:
Թամարա Գվերդցիթելին ծագում է հնագույն ազնվական տոհմից: Նա դեռ վաղ տարիքից կատարում էր բազմաթիվ կոմպոզիտորների գործեր, այդ թվում՝ Առնո Բաբաջանյանի հեղինակած՝ "Твои следы" և այլ ստեղծագործություններ: Թամարա Գվերդցիթելին ունի հարուստ երգացանկ, որը կատարում է տարբեր լեզուներով՝ վրացերեն, ռուսերեն, ֆրանսերեն, իտալերեն, իսպաներեն, անգլերեն, ուկրաիներեն, հայերեն, գերմաներեն և այլն: Նրա համերգներն առանձնանում են իմպրովիզացիոն հզոր հնարքներով:
1991 թվականին Թամարա Գվերդցիթելիին շնորհվում է Վրաստանի ժողովրդական արտիստի կոչում: Նույն թվականին առաջարկ ստանալով համաշխարհային ճանաչում ունեցող հայազգի կոմպոզիտոր Միշել Լեգրանից՝ երգչուհին մեկնում է Փարիզ, և 1994 թվականին Փարիզի "Օլիմպիա" համերգասրահում կայանում է նրա առաջին մենահամերգը: Միշել Լեգրանը, ներկայացնելով Թամարա Գվերդցիթելիին երեք հազարանոց դահլիճին, ասում է. «Փարի՛զ, հիշի՛ր այս անունը»: 2006 թվականին Միշել Լեգրանը և Թամարա Գվերդցիթելին ելույթ են ունենում մեծ բեմերում՝ "The Umbrellas Of Cherbourg" և "Yentl Medley" կատարումներով:
2004 թվականին Թամարա Գվերդցիթելին արժանանում է ՌԴ ժողովրդական արտիստի կոչմանը: Նա ձայնագրել է տասից ավելի ալբոմ, մասնակցել բազմաթիվ փառատոների Սան-Ռեմոյում, Սոպոտում, Դրեզդենում և այլն: Երգչուհին արժանացել է բազմաթիվ պատվո շքանշանների և մրցանակների, այդ թվում՝ «Ռուսաստանի վերածննդի համար. XXI դար», «Աշխարհի պահապան», «Սուրբ Սոֆիա», «Խաղաղապահի շքանշան», «Պատվո շքանշան» և այլն: Երգչուհին նաև նկարահանվել է ֆիլմերում, մասնակցել է մյուզիքլում հայտնի դերասան Վլադիմիր Զելդինի հետ: Նաև զուգերգել է Ալ Բանոյի, Դմիտրի Դյուժևի, Սոսո Պավլիաշվիլիի և այլոց հետ:
Տաղանդավոր երգչուհի, դաշնակահարուհի, դերասանուհի և երգահան Թամարա Գվերդցիթելին մինչ օրս էլ իրեն հատուկ ոգևորությամբ և եռանդով մասնակցում է երաժշտական տարբեր նախագծերի՝ չդադարելով հաճույք պատճառել երկրպագուներին իր անզուգական ձայնով:
Ապրիլի 12-ին հայ հանդիսատեսը հնարավորություն կունենա վայելել Թամարա Գվերդցիթելիի մենահամերգը կենդանի հնչողությամբ:
Ծրագրում կհնչեն Թամարա Գվերդցիթելիի հեղինակային երգերը, ինչպես նաև՝ հայկական, ռուսական, վրացական, ֆրանսիական ստեղծագործություններ: